2024 թվականի սեպտեմբերի 19-ին Մարտունի համայնքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Armrights.am թվային հարթակն ունի առանցքային նշանակություն՝ ապահովելով հասանելիություն, տեղեկատվության կենտրոնացում, թափանցիկություն և արդյունավետություն: Այն նաև նպաստում է տվյալների հավաքագրմանը և իրազեկվածության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին կայքի բաժինները, դրանց նշանակությունը, ինչպես նաև հայտ ներկայացնելու և դրա ընթացքին հետևելու գործընթացը: Այս ամենը նպատակ ունի օգնել տեղահանված անձանց արդյունավետորեն օգտվել այս կարևոր ռեսուրսից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հուզող բազմաթիվ հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում էին սոցիալական աջակցության նախորդ ամիսների չստացված գումարների վճարմանը, աշխատանքային գրքույկների վերականգնմանը և աշխատանքային ստաժը հաստատող այլ փաստաթղթերի ձեռքբերման ընթացակարգին: Քննարկվեցին նաև հաշմանդամության կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ գործողությունները, ալիմենտային պարտավորությունների կատարման առանձնահատկությունները և անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Իրավաբանականաջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@armla.am:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: