Սեպտեմբերի 20-ին՝ առցանց եղանակով տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) կառավարման խորհրդի նիստը։
Նիստը մեկնարկեց ԻՀԱ նախագահ, Ցանցի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանի կողմից բացման խոսքով, ով ողջունեց ցանցի անդամներին և մաղթեց արդյունավետ քննարկում և խնդիրների վերհանում։
Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի դատապարտմանը: Քննարկվել և հաստատվել է այս թեմայով Ցանցի կառավարման խորհրդի հայտարարության տեքստը:
Այնուհետև ներկայացվել է 2024թ. փետրվարից մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում Ցանցի գործունեության ամփոփ հաշվետվությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Armrights.am եռալեզու կայքի գործունեությանը, որը նպատակաուղղված է արցախահայերի իրավունքների պաշտպանությանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝
- Ցանցի քարտուղարության կողմից արցախահայերին տրամադրված իրավաբանական օգնության արդյունքները
- Ցանցի կողմից վերհանված խնդիրները և հիմնահարցերը
- Արցախահայերի իրավական խնդիրների վերաբերյալ պատրաստված տեսանյութերը
- Պետական մարմինների հետ համագործակցության հեռանկարները:
Քննարկվել են նաև առաջիկայում ՔՀԿ-Կառավարություն և ՔՀԿ-ՏԻՄ ձևաչափերով աշխատաժողովների և հանդիպումների կազմակերպման հարցերը: Կառավարման խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկներ՝ ուղղված ծրագրի արդյունավետության բարձրացմանը և նպատակների իրագործման բարելավմանը:
Նիստի ավարտին մասնակիցները կիսվել են իրենց կարծիքներով ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների և արցախահայերի իրավունքների պաշտպանության էլեկտրոնային հարթակի վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: