«Ծննդաբերելուց 2 ժամ հետո ինձ արթնացրին, ասեցին՝ քեզ երեխայի հետ պետք է ուղղաթիռով ճանապարհենք Սյունիք՝ ծանր վիրավորների հետ»․ արցախցի Անահիտ Եղյանի պատմությունը

22.04.2025
«Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում մեր զրուցակիցը արցախցի Անահիտ Եղյանն է։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում հրաձգություններ սկսվեցին, այդ ժամանակ տանն էր, հղիության վերջին ամիսներն էին։ Պատմում է, որ այդ ընթացքում փորձել է խուճապի չմատնվել, չկորցնել իրեն, արագ իջել է նկուղ, զանգել ընտանիքի անդամներին, հասկանալ՝ իրենց հետ ամեն բան լավ է, թե ոչ։
«Որոշ ժամանակ անց ամուսինս եկավ, ասաց՝ հանգստացիր, հեսա երեխեքին էլ են բերելու մոտդ, ամեն ինչ լավ է լինելու։ Կարծես 21-րդ դարում չապրեինք, ոչ մեկին չէինք կարողանում զանգահարել։ 2 օր անց հայտարարեցին, որ պիտի ստիպված թողնենք Արցախն ու գաղթի ճանապարհ բռնենք»,-ասաց Անահիտը։
Մեր զրուցակցի խոսքով՝ երբ արդեն պատրաստվել են թողնել հայրենի հողը, այդ ընթացքում բենզալցակայանի պայթյունի լուրերն են վրա հասել, ու այդ պատճառով էլ մեքենան 9 ժամ կանգնած է եղել, չեն կարողացել առաջ շարժվել։ Մեքենայի մեջ հղի կինն իրեն վատ է զգացել, ամուսնուն ասել է՝ որևէ քայլ ձեռարկի իրեն օգնություն տրամադրելու համար։
Անահիտն արցունքներն աչքերին է հիշում այն տեսարանը, երբ փորձել են իր վիճակը մեղմելու որևէ ճանապարհ գտնել․ «Երբ շարժվեցինք, մեր առջև դուրս եկավ ադրբեջանցի ոստիկանական ծառայության սպա, մոտիկացավ, հարցրեց՝ ուր եք գնում, ամուսինս ներկայացրեց իրավիճակը, ասեցին՝ հետևեք մեզ, հետևեցիք իրենց ու գնացինք Շուշիի բլոկպոստը, որտեղ և՛ ադրբեջանցի զինվորներն էին կանգնած, և՛ ռուս խաղաղապահները։
Այնտեղ կանգնեցինք, ամուսնուս ասացին՝ մեքենայից դուրս արի, նորից բացատարի՝ ինչի համար ես ուզում արագ շարժվել, ամուսինս ասաց՝ կինս իրեն վատ է զգում, թույլ տվեք առաջ շարժվեմ, այդ սպան առանձնացավ, զանգեր կատարեց, հետո ասեց՝ թույլ չենք տալիս, եթե ձեր կնոջ վիճակն այդքան վատ է, կարող ենք տանել Շուշի, բայց առանց ձեզ, թող ծննդաբերի, հետո ձեր կնոջն ու երեխային հետ կբերենք»։
Անահիտի ամուսինը, բնականաբար, չի ընդունել այս առաջարկը․ «Եկան, ինձ մեքենայից հանեցին, ասացին՝ մեր առաջ քայլի, տեսնենք վիճակդ ոնց ա, ճիշտն ասած, ես ավելի վատացա, երբ ամուսինս արցունքներ աչքերին իրենցից խնդրում եմ, ամենացավալին դա էր։ Ռուս խաղաղապահներից մեկին ֆիքսեցի, տեսա՝ ինքը ոնց էր լացում, նա առանձնացավ, սպայի հետ խոսեց»։
Որևէ օգնություն չստանալով՝ նրանք որոշել են վերադառնալ Ստեփանակերտի ԲԿ, ուր ևս խառնաշփոթ էր, բոլոր սենյակներում վիրավորներ են եղել, սակայն կարողացել են մի կերպ ազատ սենյակ գտնել։

«Երեխան ծնվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 5-ին, ծննդաբերելուց 2 ժամ հետո ինձ արթնացրին, ասեցին՝ քեզ պետք է ուղղաթիռով ճանապարհենք Սյունիք՝ ծանր վիրավորների հետ»։

Անահիտը մեզ հետ զրույցում պատմել է նաև տեղահանումից հետո առկա խնդիրների մասին։ Այժմ մտահոգող խնդիրներից մեկն այն է, որ ինքն ու ամուսինը պետք է վճարեն Արցախում կառուցած, հետո այնտեղ թողած տան ու դրա վերանորոգման համար վերցված մյուս գումարները, իսկ դրանք փոքր թվեր չեն։
«Իշխանությունը փակվել ա բանկին, հիմա կառավարությունն ինձնից պահանջում ա, որ պիտի տվյալ գումարը ես պետությանը մարեմ, ինձ համար դա է ամենացավալին»,-ասում է Անահիտը՝ հայտնելով, որ դիմել է պետական տարբեր մարմիններին, սակայն խնդրին մինչ այժմ լուծում չի տրվել, և ինքը շարունակում է ուղիներ գտնել, որևէ դրական արձագանք ստանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վերադառնալ ցանկ