2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դեմ իրականացված լայնամասշտաբ հարձակման հետևանքով Գայանեն և նրա ընտանիքը ստիպված եղան լքել իրենց տունը Արցախում: Այս հարձակումը, որը բնութագրվել է որպես էթնիկ զտման փորձ, ստիպեց ավելի քան հարյուր հազար արցախահայերի դիմել բռնի տեղահանման՝ փրկելով իրենց կյանքը: Հայտնվելով Հայաստանում, Գայանեի ընտանիքը, ինչպես և մյուս տեղահանվածները, բախվեցին բազմաթիվ մարտահրավերների, որոնցից ամենալուրջը սոցիալական աջակցության անբավարար լինելն էր:
«Մեզ տրամադրվող սոցիալական աջակցությունը ընդամենը 10.000 դրամ էր», - պատմում է Գայանեն: - «Այդ գումարը հազիվ էր բավականացնում կոմունալ ծառայությունների վճարմանը, իսկ մենք դեռ պետք է վճարեինք վարձակալության համար»:
Իրավիճակն ավելի բարդացավ, երբ նրանց մերժեցին լրացուցիչ օգնություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ ընտանիքն ունի սեփականություն: Սակայն այդ «սեփականությունը» կիսավեր շինություն էր, որտեղ հնարավոր չէր ապրել:
Հուսահատված, բայց չկոտրված այս ծանր իրավիճակում, Գայանեն դիմեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» (ԻՀԱ) հասարակական կազմակերպությանը: ԻՀԱ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը, որի նպատակն է պաշտպանել արցախահայերի իրավունքները այս աղետալի իրավիճակում:
ԻՀԱ-ի ծրագրի իրավաբան Մարիանա Ավագյանը, ով ինքը ևս 2023 թվականին բռնի տեղահանվել էր Արցախից ադրբեջանական հարձակման հետևանքով, անմիջապես ընդունեց Գայանեի գործը: Մարիանան անձնապես գիտեր, թե ինչ դժվարությունների են բախվում տեղահանված ընտանիքները: «Գայանեի դեպքը հստակ ցույց է տալիս, թե որքան կարևոր է մեր աշխատանքը», - նշում է Մարիանան: - «Ես ինքս անցել եմ այս դժվարին ճանապարհով և հասկանում եմ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր ընտանիքի համար ստանալ անհրաժեշտ աջակցությունը այս ճգնաժամային իրավիճակում»:
Մարիանայի օգնությամբ Գայանեն սկսեց հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և ապացույցները: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, նրանք չհանձնվեցին: Իրավաբանների թիմի համառ աշխատանքի շնորհիվ պետական մարմինները վերանայեցին իրենց որոշումը:
Արդյունքում Գայանեի ընտանիքին տրամադրվող աջակցության չափն ավելացավ՝ հասնելով 50.000 դրամի: «Այդ պահին հասկացա, որ կարող ենք սկսել վերակառուցել մեր կյանքը, չնայած կորցրածի ցավը դեռ մեծ է», - հուզված ասում է Գայանեն:
Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է ԻՀԱ-ն, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ ցանցի հետ համատեղ, աշխատում արցախահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ այս ծանր ժամանակաշրջանում:
«Մեր նպատակն է ոչ միայն օգնել անհատական դեպքերում, այլև հասնել համակարգային փոփոխությունների», - բացատրում է Մարիանան: - «
Արցախահայերի իրավունքների պաշտպանության հարթակը գործում է որպես կենսական կապ Արցախից բռնի տեղահանված անձանց և իրավական աջակցության միջև»:
Գայանեի և նրա ընտանիքի իրավունքների պաշտպանության պատմությունը ոչ միայն մեկ ընտանիքի հաղթանակն է, այլև հույսի ճառագայթ բոլոր նրանց համար, ովքեր դեռ պայքարում են իրենց իրավունքների համար Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանման հետևանքով: Այն ապացուցում է, որ համառությամբ և ճիշտ աջակցությամբ հնարավոր է հասնել արդարության: