Եվրոպական միության աջակցությամբ իրականացված «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում (2024թ. փետրվար - 2025թ. հունվար) ԻՀԱ-ի իրավաբանական թիմը սկսեց աշխատել Արցախից բռնի տեղահանված մի խումբ անձանց գործերի վրա, ովքեր ամիսներ շարունակ չէին կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը: Շահառուները հայտնվել էին ծանր կացության մեջ՝ չունենալով ապրուստի միջոցներ և հիմնական կարիքները հոգալու հնարավորություն:
Իրավաբանները խորությամբ ուսումնասիրելով յուրաքանչյուր դեպք, պարզեցին, որ վարչական մարմինները թույլ են տվել մի շարք խախտումներ՝ մերժելով շահառուներին ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրերում, սխալ հաշվարկելով նպաստների չափը, կամ անհիմն դադարեցնելով արդեն նշանակված աջակցությունը:
Գործի շրջանակներում իրավաբանները սկսեցին ակտիվ հաղորդակցություն վարել պետական մարմինների հետ՝ ներկայացնելով շահառուների իրավունքների խախտման փաստերը և պահանջելով դրանց անհապաղ վերականգնում: Չնայած սկզբնական դիմադրությանը, համառ աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել դրական արդյունքի:
Քայլ առ քայլ վերանայվեցին շահառուների գործերը, և արդյունքում նրանք ստացան իրենց հասանելիք գումարները: Ոմանց համար վերահաշվարկվեցին կենսաթոշակները, մյուսների համար նշանակվեցին նպաստներ, իսկ որոշ դեպքերում էլ փոխհատուցվեցին նախկինում չստացված գումարները:
Ընդհանուր առմամբ, պետական մարմինները փոխհատուցեցին շուրջ 17 միլիոն ՀՀ դրամ՝ ուղղված տասնյակ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Սա ոչ միայն նյութական հաջողություն էր, այլև կարևոր ազդակ պետական համակարգին՝ ցույց տալով, որ քաղաքացիների իրավունքների անտեսումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:
Եթե այս խնդիրը չստանար իր լուծումը Արցախից բռնի տեղահանված անձինք կշարունակեին մնալ ծայրահեղ խոցելի վիճակում: Նրանք ստիպված կլինեին դիմակայել աղքատությանը, սոցիալական մեկուսացմանը և հուսահատությանը:
Այս պատմությունը ցույց է տալիս, որ համակարգված իրավաբանական աջակցությունը կարող է էական փոփոխություններ մտցնել մարդկանց կյանքում:
Այսօր այս գործով շահառուները վերստին հավատում են արդարությանը։ Նրանցից շատերը կարողացել են վերականգնել իրենց կյանքի նախկին որակը և վերագտնել հույսը ապագայի հանդեպ: Սա հենց այն արդյունքն է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր իրավական պետություն։