ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կենսամշակութային բազմազանության պահպանման, բնական միջավայրի անկախ գնահատման և բռնի տեղահանված բնակչության բնապահպանական ու մշակութային իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին

13.10.2026
Մենք՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի ներկայացուցիչներս, կարևորելով կենսաբանական բազմազանության պահպանությունը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և բնապահպանական որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցությունը՝ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանության բնապահպանական և կենսամշակութային հետևանքների վերաբերյալ։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից շուրջ 115 հազար հայ բռնի տեղահանվեց և տեղափոխվեց Հայաստան։ Տեղահանությունը ոչ միայն հանգեցրեց բնակավայրերի, սեփականության և կենսապահովման միջոցների կորստի, այլև խաթարեց համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերը։
Այդ կապերը ներառում են հողերի մշակման, ջրային ռեսուրսների օգտագործման, արոտավայրերի կառավարման, անտառների պահպանության և տեղական կենսաբազմազանության վերաբերյալ ավանդական գիտելիքը։ Դրա կրողների հարկադիր հեռացումը կարող է վտանգել գիտելիքի կիրառման և սերունդներին փոխանցման շարունակականությունը՝ ազդելով նաև բնական միջավայրի պահպանության հնարավորությունների վրա։ Ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերը և գյուղական բնակավայրերի հետ կապված մշակութային սովորույթները միասին կազմում են յուրահատուկ կենսամշակութային համակարգ, և դրա խաթարումը կենսամշակութային բազմազանության կորուստ է։
Լեռնային Ղարաբաղի բնապահպանական խնդիրների համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաև 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում բնական միջավայրին հասցված հնարավոր վնասներին։ Անտառային տարածքների վնասման, հրդեհների և ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառման վերաբերյալ հրապարակված հաղորդումները պահանջում են փաստական ուսումնասիրություն։ Հողի, ջրի, բուսականության, անտառային էկոհամակարգերի և կենսաբազմազանության վիճակի անկախ գնահատումը հնարավորություն կտա պարզելու հնարավոր վնասների բնույթն ու ծավալը և մշակելու գիտականորեն հիմնավորված վերականգնման միջոցառումներ։
Միաժամանակ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ բնապահպանական պահանջներով ներկայացված ակցիայի պայմաններում, և դրա հումանիտար հետևանքները ցույց են տալիս, որ բնապահպանական հիմնավորումները պետք է լինեն թափանցիկ, ստուգելի և համապատասխանեն կիրառելի միջազգային իրավունքին։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառեց՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Բնապահպանական նպատակներն ինքնին չեն կարող արդարացնել հումանիտար հասանելիության անհամաչափ սահմանափակումը։ Շրջափակման հայտարարված պատճառը Քաշենի (Demirli) և Դրմբոնի (Gizilbulag) հանքավայրերի բնապահպանական մշտադիտարկումն էր, մինչդեռ Քաշենի հանքավայրում 2025 թվականից իրականացվում է արդյունաբերական շահագործում։ Թափանցիկության և ստուգելիության նույն չափանիշները պետք է կիրառվեն նաև այսօր՝ ներառյալ տարածքում իրականացվող հանքարդյունաբերական և ենթակառուցվածքային ծրագրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների հրապարակումը և անկախ մշտադիտարկումը։ Նման գնահատումներում կարևոր է առաջնորդվել նաև Կոնվենցիայի Akwé: Kon կամավոր ուղեցույցներով՝ ապահովելով տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը։
Բնապահպանական այս խնդիրները պետք է դիտարկվեն միջազգային իրավունքի համապատասխան շրջանակների համատեքստում։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան կարևորում է կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը նպաստող ավանդական գիտելիքների և գործելակերպերի պահպանումը, դրանց կրողների մասնակցությունն ու հավանությունը, ինչպես նաև կենսաբանական ռեսուրսների ավանդական օգտագործման պաշտպանությունը, երբ այն համատեղելի է պահպանության կամ կայուն օգտագործման պահանջների հետ (հոդվածներ 8(j) և 10(c))։ Կոնվենցիան նախատեսում է նաև կենսաբազմազանության վրա հնարավոր էական անբարենպաստ ազդեցությունների գնահատման և դրանք կանխելու կամ նվազագույնի հասցնելու միջոցառումներ (հոդված 14)։ Կոնվենցիայի շրջանակում ընդունված Էթիկական վարքագծի կանոնագիրքը (Tkarihwaié:ri, 2010) ճանաչում է բնիկ և տեղական համայնքների անքակտելի կապը նրանց սրբավայրերի և ավանդաբար օգտագործվող հողերի ու ջրերի հետ և ամրագրում է էթիկական սկզբունք, համաձայն որի կենսաբազմազանության հետ կապված գործունեությունը չպետք է հանգեցնի նրանց բռնի տեղահանման, իսկ հնարավորության դեպքում նրանք պետք է ունենան իրենց ավանդական հողեր վերադառնալու իրավունք։ Այս սկզբունքները պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք պահպանության և վերականգնման բոլոր ծրագրերում, եթե այդպիսիք պլանավորվում են։
2022 թվականին ընդունված Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակը ևս ընդգծում է կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացներում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների արդյունավետ մասնակցության, տեղեկատվության ու արդարադատության հասանելիության և նրանց իրավունքների հարգման կարևորությունը։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքն ու փորձը։ Կոնվենցիայի և Կունմին–Մոնրեալի շրջանակի՝ բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին վերաբերող դրույթներն ու սկզբունքները կարևոր հիմք են այդ գիտելիքի պահպանության, տեղահանված համայնքների մասնակցության և բնական միջավայրի հետ նրանց կապերի պաշտպանության համար։
Բնական միջավայրի պաշտպանության հարցում կարևոր են նաև զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները, որոնք արգելում են պատերազմ վարելու այն մեթոդներն ու միջոցները, որոնք նախատեսված են բնական միջավայրին լայնածավալ, երկարատև և ծանր վնաս պատճառելու համար կամ որոնցից կարելի է ակնկալել նման վնաս։ Այս արգելքն ամրագրված է Ժնևյան կոնվենցիաների I լրացուցիչ արձանագրության 35(3) և 55 հոդվածներում, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն դիտարկում է նաև որպես սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի նորմ (կանոն 45)։ ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի մշակած և Գլխավոր ասամբլեայի 77/104 բանաձևով (2022) ի գիտություն ընդունված՝ զինված հակամարտությունների հետ կապված շրջակա միջավայրի պաշտպանության սկզբունքների 24-րդ սկզբունքը նախատեսում է համապատասխան դերակատարների, այդ թվում՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությունը հակամարտությունից հետո բնապահպանական գնահատումների և վերականգնողական միջոցառումների հարցում։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 48/13 (2021) և Գլխավոր ասամբլեայի 76/300 (2022)՝ մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքի վերաբերյալ բանաձևերը ևս ընդգծում են բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը։
Այս միջազգային շրջանակները կարևոր հիմք են բնական միջավայրին հնարավոր վնասների գնահատման, ավանդական գիտելիքի պահպանության և բնապահպանական որոշումներին համայնքների մասնակցության անհրաժեշտությունն ընդգծելու համար։ Միաժամանակ, սեփականության, պատմական բնակավայրեր վերադառնալու և այլ իրավունքների հարցերը պետք է դիտարկվեն միջազգային իրավունքի համապատասխան այլ նորմերի շրջանակում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, COP17-ի մասնակիցներին, Կոնվենցիայի քարտուղարությանը, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին, միջազգային կազմակերպություններին, գիտական համայնքին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝
  1. Պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին՝ կենսաբազմազանության միջազգային օրակարգում քննարկելով ավանդական գիտելիքի պահպանության և բնական միջավայրի հետ համայնքային կապերի խաթարման խնդիրները։
  2. Աջակցել Լեռնային Ղարաբաղի բնական միջավայրի անկախ և համապարփակ գնահատմանը՝ ապահովելով միջազգային փորձագետների մասնակցությունը և տարածք նրանց անարգել մուտքը։
  3. Խթանել բնապահպանական մշտադիտարկումը և տեղեկատվության հասանելիությունը՝ աջակցելով տվյալների հավաքագրման, հրապարակայնության և անկախ փորձագիտական ստուգման մեխանիզմներին։
  4. Ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը բնապահպանական ուսումնասիրությունների, պահպանության և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը։
  5. Աջակցել ավանդական էկոլոգիական գիտելիքի փաստաթղթավորմանն ու փոխանցմանը՝ հարգելով գիտելիքի կրողների իրավունքները, շահերը և դրա օգտագործման համար նրանց ազատ, նախնական և իրազեկված համաձայնության սկզբունքը։
  6. Նպաստել վնասված էկոհամակարգերի վերականգնման գիտականորեն հիմնավորված ծրագրերին՝ հնարավոր վնասների հաստատման դեպքում մշակելով կանխարգելման, նվազեցման և վերականգնման համապատասխան միջոցառումներ։
  7. Ընդգծել բնապահպանական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը՝ ապահովելով, որ բնապահպանական հիմնավորումները լինեն թափանցիկ, ստուգելի և չծառայեն հումանիտար հասանելիության անհամաչափ սահմանափակումների արդարացմանը։
  8. Շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմներում՝ հաշվի առնելով բնակավայրերի, գույքի, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությունը միջազգային բնապահպանական օրակարգի առաջ բարձրացնում է կարևոր հարց․ինչպե՞սպահպանելկենսաբազմազանությունըևդրահետկապվածավանդականգիտելիքը, երբայդգիտելիքիկրողները զրկված են իրենց պատմական բնակավայրերի հետ անմիջական կապից։
Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանության, մշակութային շարունակականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում։
Կենսաբազմազանության պահպանումը միայն բնության պաշտպանություն չէ․այննաևբնականմիջավայրիհետկապվածգիտելիքի, պատասխանատուգործելակերպերիևհամայնքայինմասնակցությանշարունակականությանապահովումնէ։
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհուրդ
  1. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
  2. «Հարմոնիա» ՀԿ
  3.  «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
  4. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
  5. «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
  6. «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
  7. «Լուսաստղ» ՀԿ
 12.10.2026թ․
Back to the list