2025 թվականի մարտի 28-ին Փամբակ համայնքում «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Հանդիպման ժամանակ մանրակրկիտ քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական պաշտպանությանն առնչվող բազմաթիվ կարևոր հիմնահարցեր: Մասնակիցներին հուզող առաջնահերթ թեմաներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգը, դրա իրականացման եղանակներն ու ժամկետները: Քննարկվեցին նաև աշխատանքային գործունեության ստաժի հաշվարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև ծննդյան և ամուսնության վկայականների վերականգնման գործընթացի առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքացիության ընդունման, 099 կոդի, ծննդավայրը Ադրբեջան նշելու հետ կապված խնդիրներին, գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերելու հնարավորություններին և ՊՆ-ում զինվորական ծառայության անցնելու համար քաղաքացիության պահանջի հարցերին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու անհատական խորհրդատվություն, որտեղ իրավաբանը տրամադրեց մանրամասն պարզաբանումներ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Բացի այդ, ներկայացվեցին նաև վերոնշյալ հարցերի լուծման գործնական քայլերը և համապատասխան պետական մարմինների հետ աշխատելու առանձնահատկությունները։
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին կոնտակտային տվյալներ՝ հետագա օգնության և խորհրդատվության համար, ինչը հնարավորություն կտա շարունակել համագործակցությունը և ստանալ անհրաժեշտ աջակցություն
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
«Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, որը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է իր անխոնջ աշխատանքը՝ ուղղված արցախահայերի իրավական խնդիրների լուծմանը: