Անձնական փորձը ստիպում է ավելի խորությամբ զգալ և հասկանալ արցախահայերի իրավական խնդիրները. Մարիաննա Ավագյան

17.02.2025
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը (այսուհետ՝ նաև Ցանց) հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին՝ միավորելով տասներկու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնցից տասը հիմնադրվել և ղեկավարվում են Արցախից և Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից: Ցանցի առաքելությունն է նպաստել արցախահայերի ինտեգրմանը Հայաստանում՝ իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով: Ցանցի քարտուղարությունն իրականացնող կազմակերպությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (այսուհետ՝ նաև ԻՀԱ), միայն վերջին մեկ տարվա ընթացքում անվճար իրավաբանական աջակցություն է ցուցաբերել 305 անձի: Արցախահայերի իրավունքների պաշտպանության www.armrights.am առցանց հարթակի հետ զրույցում Ցանցի քարտուղարության իրավաբան Մարիաննա Ավագյանը, ով 2023 թվականի սեպտեմբերին ինքն էլ է բռնի տեղահանվել Արցախից, կիսվում է իր փորձով և պատմում, թե ինչպես են օգնում հայրենակիցներին վերականգնել իրենց իրավունքները և հարմարվել նոր իրականությանը:

- Որպես Արցախից բռնի տեղահանված իրավաբան, ինչպե՞ս եք գնահատում Ցանցի ստեղծման անհրաժեշտությունը և ի՞նչ հիմնական խնդիրներ է այն լուծում:

- Երբ դուք անձամբ անցել եք այն ամեն ինչով, ինչով անցնում են մեր հայրենակիցները, շատ ավելի խորությամբ եք զգում և հասկանում նրանց խնդիրները: Անձնական փորձս ինձ օգնում է ավելի արդյունավետ աշխատել, քանի որ ես ինքս եմ անցել այն բոլոր փուլերով, որոնցով անցնում են մեր շահառուները՝ սկսած փաստաթղթերի կորստից մինչև սոցիալական աջակցության խնդիրները: Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի ստեղծումը եկավ լրացնելու մի կարևոր բաց՝ համախմբելով այն կազմակերպություններին, որոնք աշխատում են արցախահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Սա թույլ է տալիս ավելի համակարգված աշխատել և արագ արձագանքել ծագող խնդիրներին:

- Ձեր թիմը հասել է նշանակալի արդյունքների՝ մեկ տարվա ընթացքում աջակցելով 305 տեղահանված անձի: Կպատմե՞ք սոցիալական աջակցության ոլորտում ձեր հաջողված գործերից մեկի մասին:

- Վերջերս աշխատել ենք Նովելա Օսիպովայի ընտանիքի հետ, որոնց դեպքը լավ օրինակ է այն բարդ իրավիճակների, որոնց հետ բախվում են մեր հայրենակիցները: Ընտանիքը բազմաշերտ խնդիրների առաջ էր կանգնած. հայրը չէր ստանում իրեն հասանելիք աջակցության գումարները, ամուսինը և սկեսուրը զրկվել էին մեկ ամսվա աջակցությունից, իսկ մոր մահվան կապակցությամբ թաղման նպաստ չէր նշանակվել: Մեր թիմը մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր խնդիր առանձին-առանձին՝ բացահայտելով մերժումների պատճառները: Հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել դրական արդյունքի բոլոր ուղղություններով՝ վերականգնելով ոչ միայն ընտանիքի բոլոր անդամների իրավունքները, այլև ապահովելով նրանց հասանելիք գումարների ամբողջական վճարումը:

- Ինչպե՞ս եք աշխատում պատկան մարմինների կողմից թույլ տրված սխալների ուղղման ուղղությամբ և ի՞նչ արդյունքների եք հասել:

- Հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ պատկան մարմինների կողմից թույլ տրված սխալները լուրջ հետևանքներ են ունենում մեր հայրենակիցների համար: Օրինակ՝ Արամ Ստեփանյանի դեպքում, ով Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից է, պետական մարմնի կողմից թույլ տրված սխալ նույնականացման պատճառով ընտանիքը 50,000 դրամի փոխարեն ստանում էր ընդամենը 10,000 դրամ: Նրան սխալմամբ նույնացրել էին մեկ այլ անձի հետ, ով իբր Երևանում սեփականություն ուներ: Մեր թիմի հետևողական աշխատանքի շնորհիվ ոչ միայն բացահայտվեց սխալը, այլև 2024 թվականի փետրվարից Արամի ընտանիքը սկսեց ստանալ ամսական 50,000 դրամ, ինչպես նաև նախորդ ամիսների համար նախատեսվեց փոխհատուցում:

-
www.armrights.am առցանց հարթակի միջոցով ի՞նչ տիպի իրավական աջակցություն եք տրամադրում և որքանո՞վ է այն արդյունավետ:

- www.armrights.am առցանց հարթակը դարձել է կարևոր գործիք արցախահայերի իրավունքների պաշտպանության համար: Օրինակ՝ Գայանեի դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք օգնել նույնիսկ բարդ իրավիճակներում: Նրա ընտանիքին մերժել էին լրացուցիչ օգնություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ ընտանիքն ունի սեփականություն, որը իրականում կիսավեր շինություն էր: Հարթակի միջոցով մենք կարողացանք արագ արձագանքել, հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և հասնել նրան, որ ընտանիքին տրամադրվող աջակցության չափն ավելացավ՝ հասնելով 50,000 դրամի:

- Վերջերս հաջողվել է լուծել երեխայի խնամքի նպաստի հետ կապված մի կարևոր գործ: Կպատմե՞ք այդ մասին և ընդհանրապես՝ ինչպե՞ս եք աշխատում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

- Այո, Էդգար Եսայանի ընտանիքի դեպքը կարևոր հաջողություն էր: Նրանք դիմել էին մեզ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստը ստանալու խնդրով: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող իրավական կարգավորումների համաձայն՝ ոչ մի իրավական հիմք չկար նպաստը չտրամադրելու համար: Մենք պատրաստեցինք հիմնավորված գրություն՝ ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի միասնական սոցիալական ծառայությանը: Արդյունքում ծառայությունը սկսեց Էդգար Եսայանի ընտանիքին վճարել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ հետադարձ ուժով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

- Ինչպե՞ս է կազմակերպվում Ցանցի աշխատանքը համայնքներում և ի՞նչ արդյունքներ ունեք 22 համայնքներում իրականացված այցելություններից:

- Մեր թիմը հասցրել է այցելել Հայաստանի տարբեր մարզեր՝ Գյումրիից մինչև Գորիս: Մենք ներկա ենք եղել Արտաշատում, Հրազդանում, Չարենցավանում, Փարաքարում, Մասիսում, Ապարանում և այլ համայնքներում: Այս այցելությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր համայնքում խնդիրներն ունեն իրենց յուրահատկությունները: Օրինակ՝ որոշ համայնքներում առավել սուր է կանգնած բնակարանային հարցը, մյուսներում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Շրջիկ այցելությունների ընթացքում մենք տեղում տրամադրել ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն, օգնել ենք կողմնորոշվել փաստաթղթային խնդիրներում և ստանալ անհրաժեշտ սոցիալական աջակցություն: Այս աշխատանքը մեզ օգնում է ավելի թիրախային մոտենալ խնդիրներին և մշակել տեղական կարիքներին համապատասխան լուծումներ:

- Որո՞նք են արցախահայերի առջև ծառացած առավել հրատապ իրավական խնդիրները և ի՞նչ համակարգային լուծումներ եք առաջարկում:

- Մեր առօրյա աշխատանքում մենք տեսնում ենք, որ արցախահայերն առավելապես բախվում են մի քանի հիմնական խնդիրների: Առաջին հերթին դա բնակարանային ապահովման հարցն է, երբ մարդիկ հայտնվում են անօթևան՝ առանց հստակ լուծումների: Հաջորդը սոցիալական աջակցության խնդիրներն են, որտեղ հաճախ առկա են վարչարարական խոչընդոտներ: Շատերի համար լուրջ մարտահրավեր է դարձել փախստականի կարգավիճակի ստացումը: Առանձին խումբ են կազմում փաստաթղթային խնդիրները՝ սկսած սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի վերականգնումից մինչև ժառանգության հարցերը: Յուրաքանչյուր այս ուղղությամբ մենք ոչ միայն տրամադրում ենք անհատական իրավաբանական օգնություն, այլև մշակել ենք համակարգային լուծումների փաթեթներ, որոնք ներկայացրել ենք պետական մարմիններին:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում և ինչպե՞ս եք տեսնում Ցանցի հետագա զարգացումը:

- Առաջիկայում պլանավորում ենք էականորեն ընդլայնել մեր գործունեության շրջանակը: Ցանցի քարտուղարությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, նախատեսում է ուժեղացնել իրավաբանական թիմը՝ ներգրավելով նոր մասնագետների և փաստաբանների: Սա հնարավորություն կտա ոչ միայն տրամադրել իրավական խորհրդատվություն, այլև անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր հայրենակիցների շահերը դատական ատյաններում: Հատկապես կարևորում ենք համայնքային ցանցի ամրապնդումը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ շատ խնդիրներ ավելի արդյունավետ են լուծվում տեղում:

Շարունակում ենք աշխատել www.armrights.am առցանց հարթակի տեսանելիության բարձրացման ուղղությամբ, որպեսզի կարողանանք ավելի շատ արցախահայերի տեղեկացնել իրենց իրավունքների պաշտպանության հնարավորության մասին: Կարևոր ենք համարում նաև իրավական կրթության բաղադրիչի ուժեղացումը, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան ավելի լավ պաշտպանել իրենց իրավունքները:

Այս մեծածավալ ազգային իրավապաշտպան ծրագիրն իրականացնելու համար մենք դիմել ենք Հայաստանի խոշոր հարկատուներին և ազգային բարերարներին՝ առաջարկելով միանալ արցախահայերի իրավունքների պաշտպանության գործին: Համոզված ենք, որ նրանց ֆինանսական աջակցությամբ կկարողանանք ստեղծել արցախահայերի իրավունքների պաշտպանության կայուն համակարգ: Մեր թիմը մանրակրկիտ կուսումնասիրի և հանրությանը կներկայացնի, թե ինչպես են արձագանքել արցախահայերի իրավունքների պաշտպանության աջակցությանը ուղղված մեր դիմումներին հայկական խոշոր ընկերությունները և բարերարները: Մենք կարևորում ենք թափանցիկությունը և հանրային իրազեկումը այս գործընթացում: Վստահ ենք, որ հայ գործարար և ազգային բարերարների համայնքը, գիտակցելով իր դերը հասարակության մեջ, ճիշտ գնահատական կտա մեր նախաձեռնությանը:

Հարցազրույցը վարեց՝ Ալլա Զադոյանը
armrights.am՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության առցանց հարթակ
Վերադառնալ ցանկ