ԻՀԱ-ն աջակցել է բռնի տեղահանված անձի՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ստանալուն

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) անձանց ցուցաբերում է անվճար իրավաբանական աջակցություն։ Նշված ծրագրի շրջանակներում մեզ է դիմել Արևիկ Մելքումյանը՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու խնդրով։
Արևիկ Մելքումյանը դիմել էր Էջմիածնի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին  ՀՀ-ում հաշվառվելու և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու համար, սակայն հրաժարվել են անձից դիմում վերցնել՝ պատճառաբանելով, որ բացակայում է ծնողների ամուսնության վկայականը։
Հաշվի առնելով, որ տվյալ փաստաթղթի առկայությունը կամ բացակայությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վրա, քանի որ այն իր բովանդակությամբ չի պարունակում այնպիսի տեղեկատվություն, որը կարող է պատճառ հանդիսանալ անձին ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական չտրամադրելու համար, մեր կողմից գրություն է կազմվել ուղղված ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
Ի Իրավաբանների հայկակակն ասոցիացիայի գրության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու նպատակով շահառուին առաջարկել է ներկայանալ իրենց մոտ։ Այդ գործընթացի  արդյունքում շահառուին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական:


Վերադառնալ ցանկ